Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մենք հաղթում ենք նաև պաշտպանվելիս

Մենք հաղթում ենք նաև պաշտպանվելիս
25.12.2018 | 00:56

Պետությունների առաջնորդները երբ չեն կարողացել լուծել երկուստեք ռազմական և տարածքային վեճերը, կամ պարտությունից հետո ուժասպառ եղած պետությունն իր կորուստները վերականգնելու անհրաժեշտություն է ունեցել, մեջտեղ են եկել կողմերի իմաստուն և հարգված բարձրաստիճան պաշտոնյաներ` առաջարկելու «զինադադար կամ հաշտություն»` հաղթող կողմին տրամադրելով ռազմավար և տարածքներ` պարտվող կողմից: Հետագայում առավել հաճախ են կիրառվել «իմաստուն և հարգված պաշտոնյաների» բանակցությունները` վիճելի խնդիրները լուծելու առանց ռազմական գործողությունների: Արյունալի պատերազմներից հոգնած ու ահռելի կորուստներ տված պետությունները գերադասել են բանակցությունների միջոցով կանխել կամ հետաձգել ռազմական բախումը։
Հին Արևելքում իմաստուն և հաղթող է համարվել նաև այն զորավարը կամ թագավորը, որը հենց իր հեռատես կանխատեսումների շնորհիվ կանխել է հակառակորդի նախահարձակ գործողությունները: Այդպիսի կանխաքայլերի հասնելու համար ստեղծել ու մշակել են մի հանճարեղ խաղ` ճատրակը (շախմատը), որը, ցավոք, դուրս է մղվել քաղաքական և դիվանագիտական գործունեության դաշտից։


Ամեն ժողովուրդ իր հոգեկերտվածքն ունի, որը դրսևորվում է նրա մշակույթում` դիցարան, արվեստ, բանահյուսություն, երաժշտություն, գրականություն, փիլիսոփայություն, ճարտարապետություն, ճատրակ (շախմատ), ռազմարվեստ` իր ռազմավարությամբ ու մարտավարությամբ, պարարվեստ, արհեստներ:
Ճատրակը եղել է մեր ժողովրդի մշակութային աշխարհընկալման մի ամբողջ համալիր, որը ներառել է ազգի դիցարանը, փիլիսոփայությունն ու ռազմարվեստը: Ճատրակը ճակատամարտից առաջ արքայի և սպարապետի միջև ռազմավարական և մարտավարական քայլերը կանխագուշակող բանավեճ է եղել: Ճատրակը տարածված է եղել Հայկական լեռնաշխարհում` Հին Հայաստանում: Հետո, երբ մեր լեռնաշխարհից զանգվածաբար տարածվել են արիական ցեղախմբերը դեպի արևելք` Հնդկաստան, ճատրակն էլ տարել են իրենց հետ: Հայոց դիցերի և արքաների հանգրվան Նեմրութի գագաթին տեղադրված արքայի և նրա ռազմական շքախումբ-զորախումբը, որ ճատրակի` մեզ ծանոթ խաղաքարերի դասավորությունն է հիշեցնում, հաստատում է, որ այս «խաղը» ի սկզբանե ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում:


Տեսե՛ք, թագավոր, թագուհի, զորավարներ և իմաստուն խորհրդականներ, աջ և ահյակ կողմերում՝ առյուծ և արծիվ կամ անգղ:
Այս խաղը, որ ի սկզբանե եղել է արքայի ռազմավարական և մարտավարական խորհրդածությունները ճակատամարտից առաջ, Հնդկաստանում փոփոխությունների է ենթարկվել: Հնդկաստանում չկային առյուծ ու արծիվ կամ անգղ, բայց նրանց տեղը չէր կարող դատարկ մնալ մարտի դաշտում, քանի որ դրանք ճակատամարտին մասնակցող կարևոր ուժեր են եղել: Հնդկաստանում կար ծով՝ ծովային մարտերի համար նավակներ, և փղեր՝ մատյան գնդեր կազմելու համար:
Ահա՛ ձեզ ժամանակակից ճատրակի կազմը՝ թագավոր, թագուհի, զորավարներ (փղեր), նավակներ, ձիեր, զինվորներ։ Եվ հաղթանակն ապահովված է ճիշտ մարտավարության շնորհիվ։


Ժամանակակից ճատրակի խաղատախտակին կա ձի, որը շարժվում է մեկ աջ, մեկ ահյակ` անկյունաձև:
Ձիու թռիչք-ոստյունը մարտադաշտում դեպի աջ և ահյակ խորթ է ձիու բնությանը. նա չի կարող արագ վարգի կամ քառատրոփ վազքի ժամանակ կտրուկ շրջադարձ կատարել, ինչպես չի կարող նաև ճանապարհով արագ սլացող քառանիվ մեքենան յուրաքանչյուր մեկ-երկու մետրի վրա կտրուկ շրջադարձ կատարել: Անգամ մարդը չի կարող արագ վազքի ընթացքում կտրուկ փոխել իր ընթացքը` թեքվելով աջ կամ ձախ: Մինչդեռ թռչունն անընդհատ կառավարում է իր թռիչքը աջ և ահյակ թևաբախումներով:
Խաղադաշտում ձիու անկյունաձև շարժը ճախրի է նման զինվորների գլխավերևում, և հենց սա էլ փաստում է, որ ի սկզբանե ձիուն փոխարինել է արծիվը կամ անգղը: Ինչո՞ւ անգղը, որովհետև այս թռչունը նույնպես, ինչպես արծիվը, հայոց բանահյուսության մեջ մեծ տեղ ունի:


Հենց դա էլ առկա է Նեմրութ լեռան վրա արքայատոհմի՝ մարտից առաջ խորհրդակցության նստած քանդակաշարում:
Մի հետաքրքիր դիտարկում ունեմ, որը, կարծում եմ, առավելապես մեր ազգային հոգեբանության և խաղաղասեր էության դրսևորումն է հաստատում։
Անժխտելի են հայ մարդու գերազանց ունակությունները ժամանակակից ճատրակ` շախմատ խաղում: Վկան և ապացույցը աշխարհի լավագույն ճատրակի վարպետների փաղանգում մեր լավագույն վարպետներն են և աշխարհի բազմակի չեմպիոնի տիտղոսի նվաճումը թիմային խաղում: Սակայն Ճատրակի հայ վարպետները անգերազանցելի են խաղում նաև սև խաղաքարերով. այսինքն` պաշտպանական քայլեր կատարելիս:


Ճատրակում ընդունված է, որ եթե սև քարերով խաղացողը ոչ-ոքի է ավարտում խաղը, դա հավասարազոր է հաղթանակի, քանի որ նրա խաղը հարձակողական չէ, նա պաշտպանվում է, ահա թե ինչու ոչ-ոքիի պարագայում խաղացողներին տրվում է կեսական միավոր:
ՈՒշագրավ մի փաստի վրա եմ ուզում բևեռել ընթերցողի ուշադրությունը. ճատրակի մեր վարպետները՝ Տիգրան Պետրոսյանից սկսյալ, հրաշալի պաշտպանական խաղ են զարգացնում, իսկ Տիգրան Պետրոսյանը հայտնի էր որպես «ոչ-ոքիների վարպետ»:
Մի զարմանալի փաստ ևս. ճատրակի մեր վարպետները սևերով խաղալիս հաճախ են հաղթում, մի բան, որ, ըստ իմ դիտարկումների, գրեթե բացակայում է այլ ազգի շախմատի վարպետների մոտ:
Ի՞նչ առանձնաշնորհ է սա, որին արժանացել են հայ վարպետները…
Պատասխանը, ըստ իս, մեկն է` մենք մեր էությամբ խաղաղ և ստեղծագործ ժողովուրդ ենք և զենք ենք վերցնում միայն մեր երկիրն ու մեզ պաշտպանելու, ահա թե ինչու մենք պարտավոր ենք հաղթել….
Այո՛, մենք հաղթում ենք նաև պաշտպանվելիս... Վկա` արցախյան պատերազմում մեր հաղթանակը:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 26193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ